Եթե ուղևորը ժամանելուն պես հայտնաբերել է, որ իր ուղեբեռը բացակայում է, ապա պետք է մոտենա Կորած և գտնված իրերի բաժին, որը գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի երկրորդ և երրորդ ուղեբեռների ստացման ժապավենների հատվածում:  Կորած և գտնված իրերի բաժինը ուղևորների ներկայանալուն  պես իրականացնում է նրանց ընդունելությունը, սպասարկումը, ինչպես նաև կորցված ուղեբեռների որոնումը, վնասված և թալանված ուղեբեռների արձանագրումը: Այն դեպքերում, երբ ուղևորի ուղեբեռը չի ժամանել, ուշացել է, մենք ներդնում ենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի հնարավորինս արագ վերադարձնենք նրանց ուղեբեռները: Յուրաքանչյուր բացակայած ուղեբեռի համար հարկավոր է տեղեկացնել Կորած և գտնված իրերի բաժին մինչև օդանավակայանի ժամանման սրահից հեռանալը: Դա կարևոր է կատարել արագ, որպեսզի Կորած և գտնված իրերի բաժինը հնարավորինս արագ կարողանա ձեռք բերել տեղեկություն ուշացած ուղեբեռների վերաբերյալ:  Կորած և գտնված իրերի բաժինը նաև իրականացնում է ուղեբեռների պահեստավորման գործառույթ: Պահեստը վերահսկվում է տեսախցիկներով:

Մենք աշխատում ենք ամենօրյա գրաֆիկով՝ 24 ժամ: Մեզ հետ հնարավոր է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով`+374 93 600566, +374 10 493000, ներք. 7226  կամ 7210,  ինչպես նաև էլեկտրոնային փոստով` lost&found@aia-zvartnots.aero :

Վնասված / Թալանված ուղեբեռ

Եթե  ուղեբեռը ժամանել է վնասված կամ թալանված , ապա ուղևորը  պետք է դիմի Կորած և գտնված իրերի բաժին  մինչև ուղեբեռների ստացման սրահը լքելը: Մեր աշխատակիցները կկազմեն համապատասխան արձանագրություն, որն իր մեջ կներառի վնասված ուղեբեռի նկարագրությունը, քաշը, նկարները, ինչպես նաև ուղևորի կոնտակտային տվյալները:

Կորած և գտնված իրերի բաժնում ուղևորին կտրամադրվի վնասված ուղեբեռի արձանագրությունը և փոխադրող ավիաընկերության տվյալները՝ հետագա գործողությունների համար:

Եթե ուշացած ուղեբեռն առաքվել է վնասված  կամ  թալանված, ապա անհրաժեշտ է առաքման ծառայության աշխատակցի ներկայությամբ համապատասխան նշում կատարել առաքման արձանագրության մեջ և կապ հաստատել Կորած և գտնված իրերի բաժնի հետ՝ վնասված ուղեբեռի արձանագրություն կազմելու նպատակով:

Ուշացած ուղեբեռ

Ուղեբեռը ստանալիս, եթե Դուք նկատում եք, որ Ձեր ուղեբեռը չի ժամանել, խնդրում ենք անհապաղ կազմել համապատասխան արձանագրություն Կորած և գտնված իրերի բաժնում: Դուք կարող եք նաև կազմել այդ արձանագրությունն առցանց՝ համացանցի միջոցով որոշ ավիաընկերությունների համար:

Մենք կարձանագրենք ուշացած ուղեբեռի փաստը, և Դուք կստանաք անհատական համարով արձանագրության օրինակ: Օգտագործելով անհատական արձանագրության համարը՝ Դուք կարող եք ստուգել Ձեր ուշացած ուղեբեռի կարգավիճակը համապատասխան համացանցային կայքում (նայել ներքոնշյալ հղումը), կամ Դուք կարող եք դիմել Կորած և գտնված իրերի բաժին, որն աշխատում է շուրջօրյա:

www.worldtracer.aero/filedsp/.htm

Ուղեբեռի ժամանելուց հետո մենք կկազմակերպենք ուղեբեռի անվճար առաքում ձեր կողմից նշված հասցեով: Ծառայությունը գործում է որոշ ավիաընկերությունների համար: Ուղեբեռների առաքումը Երևան քաղաքում կարող է կատարվել 12 ժամվա ընթացքում, իսկ Հայաստանի մարզեր՝ 48 ժամվա ընթացքում:

Կորած և գտնված իրերի բաժինը կփնտրի Ձեր ուշացած ուղեբեռն առաջին 5 օրվա ընթացքում, դրանից հետո ուշացած ուղեբեռի վերաբերյալ պատասխանատվությունը և փնտրման աշխատանքներն իրականացվում են չվերթն իրականացնող ավիաընկերության կողմից՝ գտնվելով նրա պատասխանատվության ներքո: