«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային մաքսային հսկողության գոտում գործում է մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման երկուղային համակարգ:

«Կանաչ» ուղին ժամանման սրահում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման՝ այդպիսի անձանց մոտ չուղեկցվող ուղեբեռի միաժամանակյա բացակայության դեպքում:

«Կարմիր» ուղին ժամանման սրահում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող ապրանքների համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների, որոնց նկատմամբ իրականացվում է հայտարարագրում՝ ըստ ֆիզիկական անձի ցանկության: Երկուղի համակարգը չի կիրառվում ժամանման վայրերում կազմակերպված՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների սրահներում:

Օդային ճանապարհով ներմուծվող բեռների մաքսային հսկողությունն իրականացվում է «Արմենիա միջազգային օդանավակայանի» բեռնային համալիրում, որտեղ տեղակայված է նաև «Զվարթնոց» մաքսատունը:

Բեռների զննումն իրականացվում է նորագույն սարքավորումներով, այդ թվում ռենտգենահեռուստատեսային ներսադիտակներով, որոնցից մեկը` հանրապետությունում  իր չափերով ամենամեծ ներսադիտակը ևս տեղադրվել է Կարգո բեռնային համալիրում: Այն թույլ է տալիս հնարավորինս կարճ ժամանակահատվածում զննել մեծածավալ բեռներ: «Զվարթնոց» մաքսատունը յուրաքանչյուր շաբաթ կազմակերպում է մասնագիտական խորհրդատվություն, որի ընթացքում հնարավորություն է ընձեռվում համապատասխան մասնագետներից տեղեկանալ մաքսային օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին, պարզաբանումներ ստանալ մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններում ծագող հարցերի վերաբերյալ: Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.customs.am ինտերնետային կայք:

ԱԱՀ-ի վերադարձ

Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս, նախքան սահմանային անցակետը հատելը՝ Դուք կարող եք հետ ստանալ ''TAX FREE '' համակարգ կիրառող խանութներից ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ: